top of page
Search

Շրջանառության հարկ․ ու՞մ համար է

Writer: MarketClickMarketClick

Updated: Sep 28, 2022

Շրջանառության հարկը պարզեցված համակարգ է՝ համեմատած ընդհանուր հարկման կարգի հետ։ Հիմնական տարբերությունն այս երկու համակարգի միջև հենց հարկի չափն է։ Կարելի է ասել, որ շրջանառության հարկը նախատեսված է փոքր բիզնեսի համար՝ հաշվի առնելով տարեկան շրջանառության չափը։ Մանրամասները բացատրում ենք ստորև, իսկ ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ՝ կարդալով ՀՀ օրենքը Շրջանառության հարկի մասին։

Ու՞մ համար է շրջանառության հարկը։

Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն իրավաբանական կազմակերպությունները, որոնց նախորդ տարվա ողջ հասույթը չի գերազանցել 115 մլն դրամը: Շրջանառության ճիշտ հաշվարկի, հասույթի անսխալ հարկման համար անհրաժեշտ է հաշվապահական մասնագիտական օգնություն։


Ի՞նչ է մտնում տարվա կտրվածքով հասույթի մեջ։

Հասույթ ասելիս հասկանում ենք գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը։


Ո՞վ կարող է համարվել շրջհարկ վճարող։

Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։


Ի՞նչ բացառություններ կան․ ո՞վ չի կարող համարվել շրջհարկ վճարող։

Շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել․

  • ակցիզային հարկ վճարողները,

  • բանկերը, վարկային, ապահովագրական, ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, ներդրումային ֆոնդերը,

  • հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,

  • համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,

  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ որոշ բացառություններով․ փոխկապակցված կազմակերպության հստակ բնորոշումը և մանրամասները գրված են Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում՝ Հոդված 4, կետ 4, Բ ենթակետ։



Արդյո՞ք շրջհարկ վճարող ընկերության համար գործում է աշխատակիցների քանակի սահմանափակում։

Շրջանառության հարկով աշխատող ընկերությունների համար չկա որևէ սահմանափակում աշխատողների քանակի մեջ։


Արդյո՞ք շրջհարկ վճարողը (ընկերության հիմնադիրը) կարող է ունենալ նաև այլ իրավաբանական անձ/ընկերություն։

Ընկերությունը չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող, եթե ընկերության հիմնադիրը (հիմնադիրներից մեկը) ունի այլ իրավաբանական անձ։ Մեկից ավելի ընկերություն ունենալու դեպքում հարկահանությունը պետք է կատարվի ընդհանուր հարկման կարգով։ Մանրամասները կարելի է գտնել Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում՝ Հոդված 4, կետ 4, Բ ենթակետ։


Որքա՞ն է շրջհարկի դրույքաչափը։

Շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով, որոնք տատանվում են 1․5-20% միջակայքում։ Այսինքն՝ դրույքաչափը կախված է ընկերության գործունեության տեսակից։ Ճիշտ դրույքաչափը որոշելու համար կարող եք կարդալ Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը։


Արդյո՞ք պետք է վճարել շրջանառության հարկ, եթե տարվա կտրվածքով ընկերությունը վնաս է կրում։

Շրջանառության հարկը պարտադիր է վճարել՝ անկախ ընկերության գրանցած ցուցանիշից և/կամ կրած վնասներից։


Ինչպե՞ս կարելի է անցում կատարել շրջանառության հարկի համակարգին։

Շրջանառության հարկի համակարգին անցում կատարելու համար պետք է․

  • Օրացուցային նոր տարվա սկզբում մինչև փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտե ներկայացնել դիմում շրջհարկի անցման մասին։

  • Ընկերության գրանցումից 20 օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացնել դիմում շրջհարկի անցման մասին։ Ընդ որում՝ եթե ընկերության գրանցման պահից անցել է ավելի քան 20 օր, ապա շրջանառության հարկի համակարգին անցում կատարելու համար պետք է սպասել հաջորդ օրացուցային տարվա սկզբին։


Ի՞նչ անել, եթե շրջհարկով աշխատելուց որոշ ժամանակ անց տարեկան շրջանառությունն աճում է և անցնում 115 մլն դրամի սահմանը։

Շրջանառության սահմանված շեմը անցնելու դեպքում անհրաժեշտ է անցում կատարել ընդհանուր հարկման համակարգի։


Ինչպիսի՞ն է շրջանառության հարկի հաշվարկման և վճարման կարգը։

Շրջանառության հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը: Շրջանառության հարկը հաշվարկվում և վճարվում է մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Սա վերաբերում է թե՛ վճարում կատարելուն, թե՛ հայտարարագիր ներկայացնելուն։



Շրջանառության հարկի համակարգը նվազեցնում է փոքր ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի հարկային բեռը՝ միևնույն ժամանակ պարզեցնելով հարկահանության ողջ գործընթացը։

Շրջանառության հարկի համակարգով հարկվող մեր գործընկերները մի շարք ոլորտների ներկայացուցիչներ են՝ սկսած մանր ներմուծողներից, ավտոպահեստամասերի վաճառակետերից, մինչև համակարգչային ծառայություններ մատուցող ընկերություններ, համակարգչային մասեր վաճառող խանութներ, գեղեցկության սրահներ և այլ ընկերություններ։


Այնուամենայնիվ, հարկերի անսխալ հաշվարկի, պատշաճ վճարման և հաշվետվությունների ճիշտ ներկայացման համար միայն հարկային համակարգը իմանալը բավարար չէ։ Հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացման համար դիմե՛ք MarketClick-ի փորձառու մասնագետների օգնությանը։


Ձեր ընկերության հիմնադրման պահից սկսած՝ մեր թիմը պատրաստ է աջակցել հաշվապահական ցանկացած խնդրի դեպքում՝ խնայելով Ձեր ժամանակն ու ռեսուրսները։ Գործունեության ողջ ընթացքում աշխատել ենք ամենատարբեր ոլորտների հետ՝ նպաստելով փոքր բիզնեսի զարգացմանը և ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ։



Comments


Post: Blog2_Post

MarketClick

  • Facebook
  • Whatsapp
  • 986956_telegram_icon (1)
  • 280376459_1047625926177614_3837282206025403149_n_edited
  • 281503746_5169830083105798_5259761112150528579_n_edited

+374 91 011343

Հայաստան, 0014, Երևան
Նիկողայոս Տիգրանյան փող., 27 շենք

bottom of page